Общая информация
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգը սահմանում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամում (այսուհետ՝ ԵՊՀ) համապատասխան ուսուցման ձևով, բակալավրի կամ մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ուսանողներին ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) հատկացնելու, պետական կամ ներբուհական կրթաթոշակներ տրամադրելու կարգը, չափերը և պայմանները:
2. Սույն կանոնակարգի իրավական հիմքերն են Հայաստանի Հանրապետության օրենքները, կառավարության որոշումները, ԵՊՀ կանոնադրությունը և իրավական այլ ակտերը:
3. Ուսանողական նպաստը փոխհատուցում է (լրիվ կամ մասնակի) ուսանողի ուսման վճարը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում նախատեսված միջոցների, ԵՊՀ ֆինանսական միջոցների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին:
4. Սույն կանոնակարգով սահմանված ուսման վճարի մասնակի փոխհատուցման մի քանի արտոնության հավակնելու դեպքում ուսանողը կարող է օգտվել դրանցից միայն մեկից, որի դեպքում կիրառվում է ուսման վճարի մասնակի փոխհատուցման առավելագույն չափը:
Մեկից ավելի մասնագիտություններով (կրթական ծրագրերով) նույն կրթական աստիճանով զուգահեռ ուսանելու դեպքում պետության կողմից նպաստի ձևով լրիվ կամ մասնակի փոխհատուցում, կամ ԵՊՀ-ի կողմից մասնակի փոխհատուցում տրվում է միայն մեկ մասնագիտության (կրթական ծրագրի) համար:
5. Պետության և ԵՊՀ-ի կողմից ուսման վճարի մասնակի փոխհատուցման մասին դիմումներն ընդունվում են՝
1) առկա ուսուցման դեպքում՝ տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակիուսումնական պարապմունքների մեկնարկին հաջորդող չորս շաբաթների ընթացքում,
2) հեռակա ուսուցման դեպքում՝ տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակիուսումնական պարապմունքների սկզբին նախորդող ու հաջորդող մեկական շաբաթների ընթացքում:
Սույն կետում սահմանված ժամկետների ավարտից հետո ներկայացված ուսման վճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումները ենթակա չեն քննարկման:
(5-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 07.02.2024 թ. թիվ 11/2 որոշմամբ):
6. Սույն կանոնակարգի դրույթները տարածվում են բուհերի ընդունելության մրցույթի արդյունքներով ԵՊՀ ընդունված և բակալավրի կամ մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ուսանողների վրա:
Սույն կանոնակարգի 7.1.-րդ ենթակետով սահմանված մրցութային կարգը և 5-րդ բաժնի դրույթները չեն տարածվում հեռակա ուսուցման ձևով բակալավրի կամ մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ուսանողների վրա։
2.ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
7. Պետությունը նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է Հայաստանի Հանրապետության Կառավարության հաստատած տեղերի քանակին համապատասխան`
7.1) մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանողներին` մրցութային կարգով, ընդ որում.
ա. առաջին կուրսում նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրվում է պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերում ընդունված ուսանողներին,
բ. hաջորդ կուրսերում նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրվում է մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` մրցութային հիմունքներով: Սույն պարբերության պահանջները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նշած վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու մասին քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքած սովորողների վրա՝ պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում:
Սույն ենթակետի ՙբ՚ պարբերության պահանջները տարածվում են նաև վճարովի համակարգում սովորող, Լեռնային Ղարաբաղի ու Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված և բնակվող հայազգի, Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված ու ապաստան ստացած հայազգի ուսանողների, ինչպես նաև հայազգի օտարերկրյա այն ուսանողների նկատմամբ, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ:
7.2) Օրենքով նախատեսված հետևյալ սոցիալական խմբերին`
ա. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող մինչև 23 տարեկան անձանց,
բ. 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող և հաշմանդամ երեխա ճանաչված անձանց, ֆունկցիոնալության ծանր և խորը, իսկ երեխաների դեպքում նաև միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձանց` համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
գ. ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
դ. զոհված (մահացած) զինծառայողների ծնողներին, ամուսնուն (կնոջը), մինչև 27 տարեկան զավակներին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
(7-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 07.02.2024 թ. թիվ 11/2 որոշմամբ):
7.3) պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին, ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշումներով կարող են սահմանվել նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողների ուսման վճարի փոխհատուցման այլ պայմաններ:
8. Սույն կարգի 7.2.-րդ կետով սահմանված ուսանողներին ուսանողական նպաստները համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում տրվում են առաջին կուրսից, ինչպես նաև ուսումնառության ընթացքում՝ համապատասխան կարգավիճակը ձեռք բերելու պահից:
9. Սույն կարգի 7.2.-րդ կետով սահմանված ուսանողներին ուսանողական նպաստի ձևով փոխհատուցում չի տրվում` ուսումնառության ընթացքում համապատասխան կարգավիճակը կորցնելու պահից:
10. Սույն կանոնակարգի 7.1.-րդ ենթակետով տրամադրվող ուսանողական նպաստից հրաժարվելու վերաբերյալ դիմումները ներկայացվում են կանոնակարգի 12-րդ կետում նշված մանդատային հանձնաժողովին մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 10-ը:
11. Սույն կանոնակարգի 7.1.-րդ ենթակետով սահմանված մրցույթը կազմակերպվում է մինչև տվյալ ուսումնական տարվա սեպտեմբերի 20-ը, նախորդող ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակում ուսանողի հանձնած քննությունների և ստուգարքների արդյունքների (ՄՈԳ-ի) հիման վրա: ՄՈԳ-ը հաշվարկվում է ԵՊՀ-ում գործող գիտելիքների գնահատման սանդղակի կիրառմամբ (հարյուրերորդականի ճշտությամբ):
Ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքում միևնույն պայմանների դեպքում հավասար միավորներ ունեցող երկու և ավելի ուսանողների պարագայում երկրորդ կուրսում առավելությունը տրվում է առաջին կուրսի վերջին կիսամյակի քննաշրջանի արդյունքում առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, հաջորդ կուրսերում՝ նախորդ ուսումնական տարվա, իսկ վերջինիս հավասարության դեպքում՝ դրան նախորդող ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին:
Թափուր տեղեր առաջանալու դեպքում նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցումը կարող է տրամադրվել տվյալ մասնագիտության շրջանակում կրթական այլ ծրագրերի ուսանողների՝ սույն կետով սահմանված կարգով:
Ուսման վճարի լրիվ փոխհատուցման համար անցկացվող մրցույթին չեն կարող մասնակցել սեպտեմբերի 20-ի դրությամբ ակադեմիական պարտքեր ունեցող ուսանողները:
Ըստ առաջադիմության (ՄՈԳ-ի) ձևավորվում է տվյալ կուրսի տվյալ մասնագիտության ուսման վճարի լրիվ փոխհատուցման իրավունք ունեցող ուսանողների անվանացանկը:
12. Սույն կանոնակարգի 11-րդ կետում նշված անվանացանկը ֆակուլտետի դեկանի (ինստիտուտի տնօրենի) կողմից ներկայացվում է ֆակուլտետի (ինստիտուտի) մանդատային հանձնաժողովի քննարկմանը:
Ֆակուլտետի (ինստիտուտի) մանդատային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ֆակուլտետի դեկանը (ինստիտուտի տնօրենը), դեկանի (ինստիտուտի տնօրենի) տեղակալը, արհբյուրոյի նախագահը, ուսանողական խորհրդի նախագահը, ուսանողական գիտական ընկերության նախագահը և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչը:
Ֆակուլտետի մանդատային հանձնաժողովը, ըստ տվյալ կուրսի տվյալ մասնագիտությանը հատկացված նպաստների թվաքանակի, իրականացնում է մրցույթ և կազմում է ուսման վճարի լրիվ փոխհատուցման իրավունք ունեցող ուսանողների անվանացանկը: Անվանացանկը և մանդատային հանձնաժողովի նիստի արձանագրությունը ստորագրվում է նախագահի և անդամների կողմից: Հատուկ կարծիքի առկայության դեպքում այդ մասին նշվում է արձանագրությունում:
13. Ֆակուլտետի մանդատային հանձնաժողովի կողմից հաստատված անվանացանկն ու նիստի արձանագրությունը մինչև տվյալ ուսումնական տարվա սեպտեմբերի 20-ը ներկայացվում են համալսարանի մանդատային հանձնաժողովին:
Համալսարանի մանդատային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ԵՊՀ պրոռեկտորները (որոնցից մեկը նշանակվում է հանձնաժողովի նախագահ), ուսումնամեթոդական վարչության, հաշվապահության, ֆինանսական վերլուծությունների վարչության, իրավաբանական ծառայության, ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի, արհեստակցական կազմակերպության, ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչները: Մանդատային հանձնաժողովի անվանական կազմը հաստատվում է ԵՊՀ ռեկտորի հրամանով:
Ֆակուլտետի կողմից ներկայացված անվանացանկերում անճշտություններ, ինչպես նաև մրցույթի ընթացքում թույլ տրված ընթացակարգային խախտումներ հայտնաբերելու դեպքում համալսարանի մանդատային հանձնաժողովը փաստաթղթերը վերադարձնում է ֆակուլտետ՝ նոր մրցույթ կազմակերպելու համար:
14. ԵՊՀ մանդատային հանձնաժողովի կողմից հաստատված մրցույթի նախնական արդյունքները մեկօրյա ժամկետում ուղարկվում են տվյալ կուրսի ուսանողների էլեկտրոնային հասցեներին: Երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսանողն իրավունք ունի մրցույթի արդյունքների վերաբերյալ բողոք ներկայացնելու համալսարանի մանդատային հանձնաժողովին:
Նշված ժամկետի ավարտից հետո համալսարանի մանդատային հանձնաժողովը քննարկում է ներկայացված բողոքները (առկայության դեպքում), որից հետո հաստատում է ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում ստացող ուսանողների երջնական անվանացանկերը և համապատասխան հրամանի նախագիծը ներկայացնում է ԵՊՀ ռեկտորի հաստատմանը:
Ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրելու մասին ԵՊՀ ռեկտորի հրամանում նշվում է ուսանողական նպաստի տրամադրման ժամկետը՝ տվյալ տարվա սեպտեմբերի 1-ից մինչև հաջորդ տարվա օգոստոսի 31-ը:
ԵՊՀ ռեկտորի հրամանով ուսման վճարի լրիվ փոխհատուցում ստացող ուսանողների՝ ուսումնական այլ հաստատություն կամ այլ ֆակուլտետ փոխադրվելու, համալսարանից ազատվելու դեպքերում ազատված ուսանողական նպաստները տվյալ ուսումնական տարում այլ ուսանողների չեն տրամադրվում:
15. Ուսումնառությունն ընդհատած (պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու, առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդում գտնվելու, հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքերում) ուսանողն ուսանողական իրավունքները վերականգնելիս պահպանում է նախկինում ունեցած ուսանողական նպաստ ստանալու իրավունքը (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ուսանողական նպաստ ստացողների ընդհանուր թվաքանակի շրջանակում):
Ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցման իրավունքից օգտվող ուսանողի կողմից սույն կետով սահմանված պատճառներով ուսումնառությունն ընդհատելու դեպքում ազատված ուսանողական նպաստը նույն կուրսում տվյալ (ընթացիկ) ուսումնական տարում չի օգտագործվում և հետագայում ավելացվում է այն կուրսի տվյալ ուսումնական տարվա ուսանողական նպաստներին, և ուսանողը վերականգնում է իր ուսանողական իրավունքները:
16. Այլ պատճառներով ուսումնառությունն ընդհատած, այլ բուհերից, ԵՊՀ այլ մասնագիտություններից (կրթական ծրագրերից), ուսումնառության համակարգից տեղափոխված ուսանողները, ուսման վճարի լրիվ փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել ԵՊՀ-ում տվյալ մասնագիտությունում, առկա ուսուցման համակարգում առնվազն մեկ ուսումնական տարի սովորելուց հետո, իսկ ուսման վճարի մասնակի փոխհատուցման իրավունքից՝ առկա ու հեռակա ուսումնառության համակարգում մեկ ուսումնական կիսամյակ սովորելուց հետո:
3.ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
17. Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում, ըստ առաջադիմության, տրամադրում է՝
1) ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին՝ սույն կարգի 18-րդ և 19-րդ կետերին համապատասխան,
2) սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ուսանողներին՝ սույն կարգի 20-րդ և 21-րդ կետերին համապատասխան,
3) մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին՝ սույն կարգի 21-րդ կետին համապատասխան,
4) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով սովորող՝ երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին՝ սույն կարգի 21-րդ կետին համապատասխան:
18. Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված, Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող հետևյալ խմբերին`
1) մինչև 5,00 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 50 տոկոսի չափով,
2) 5,01-10,00 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 60 տոկոսի չափով,
3) 10,01-15,00 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 70 տոկոսի չափով,
4) 15,01-20,00 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 80 տոկոսի չափով,
5) 20,01-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 90 տոկոսի չափով:
19. Սույն կարգի 18-րդ կետով սահմանված փոխհատուցումը տրամադրվում է`
1) բակալավրի կրթական ծրագրերով կրթական աստիճանում՝
ա. առաջին կուրսում՝ համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) համար սահմանված ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա,
բ. հաջորդ կուրսերում՝ նախորդ ուսումնական տարվա արդյունքներով միջին որակական գնահատականի (այսուհետ՝ ՄՈԳ) առավելագույն արժեքի առնվազն 60 տոկոսի շեմը հաղթահարելու դեպքում.
2) մագիստրոսի կրթական աստիճանում՝ առաջին կուրսում նախորդ կրթական աստիճանի ՄՈԳ-ի 60 տոկոսի, իսկ հաջորդ կուրսերում՝ ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 70 տոկոսի շեմն ապահովելու դեպքում:
Սույն կարգի 18-րդ կետով սահմանված փոխհատուցում ստանալու համար ուսանողն իր ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանքը ԵՊՀ է ներկայացնում յուրաքանչյուր կիսամյակ՝ սույն կարգի 5-րդ կետում սահմանված ժամկետներում:
20. Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքների բնակավայրերում հաշվառված և վերջին հինգ տարում (այդ թվում՝ ընդհանուր հանրագումարով) մշտապես բնակվող ու տվյալ համայնքներից որևէ մեկի հանրակրթական (միջնակարգ կամ ավագ դպրոց), նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններն ավարտած ուսանողներին:
(20-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 07.02.2024 թ. թիվ 11/2 որոշմամբ):
21. Սույն կանոնակարգի 17-րդ կետի 2-4-րդ ենթակետերով սահմանված ուսանողների խմբերին փոխհատուցում տրամադրվում է`
1) առաջին կուրս ընդունված ուսանողներին՝
ա. բակալավրի կրթական ծրագրերով՝ համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) համար սահմանված ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա՝ տարեկան ուսման վճարի 50 տոկոսի չափով,
բ. մագիստրոսի կրթական աստիճանի դեպքում՝ նախորդ կրթական աստիճանի ՄՈԳ-ի 60 տոկոսը հաղթահարած ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 50 տոկոսի չափով,
2) հաջորդ կուրսերում՝
ա. նախորդ ուսումնական տարվա արդյունքներով ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 60-70.99 տոկոս ունեցող ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 50 տոկոսի չափով,
բ. նախորդ ուսումնական տարվա արդյունքներով ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 71-79.99 տոկոս ունեցող ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 60 տոկոսի չափով,
գ. նախորդ ուսումնական տարվա արդյունքներով ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 տոկոս և բարձր ՄՈԳ ունեցող ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 70 տոկոսի չափով:
(21-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 07.02.2024 թ. թիվ 11/2 որոշմամբ):
4. ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ (ԶԵՂՉ) ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
22. ԵՊՀ-ն վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին ուսանողների վճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով, հիմք ընդունելով բարձր առաջադիմությունն ու սոցիալական խումբը, իր միջոցների հաշվին իրականացնում է ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում հետևյալ կարգավիճակ ունեցող ուսանողներին,
22.1) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին՝ 30 տոկոսի չափով,
22.2) 18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին՝ մինչև 23 տարին լրանալը՝ 50 տոկոսի չափով,
22.3) 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին՝ 50 տոկոսի չափով,
22.4) մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին՝ 50 տոկոսի չափով,
22.5) երեք և ավելի անչափահաս, կամ երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին՝ 30 տոկոսի չափով,
22.6) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, այդ թվում՝ հաշմանդամ ազատամարտիկ (բժշկասոցիալական փորձաքննական որոշման և ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի վկայականի ներկայացման դեպքում) ծնող ունեցող ուսանողներին՝ 30 տոկոսի չափով,
22.7) մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին (զինվորական գրքույկում համապատասխան գրառման առկայության դեպքում)՝ 30 տոկոսի չափով,
22.8) սոցիալապես անապահով (ընտանիքների ապահովության գնահատման համակարգում հաշվառված, անապահովության 0-ից բարձր մինչև սահմանային միավորի շեմը միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին՝ 20 տոկոսի չափով,
22.9) ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված, երկու կիսամյակ անընդմեջ բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, որոնք ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցման համար անցկացված փոխատեղման մրցույթի արդյունքում զրկվել են նպաստի իրավունքից մինչև 0.1 միավոր տարբերության պատճառով՝ 50 տոկոսի չափով,
22.10) մարտական գործողությունների մասնակիցների (ազատամարտիկների) երեխա-ուսանողներին (ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի վկայականի ներկայացման դեպքում)՝ 20 տոկոսի չափով,
22.11) ԵՊՀ-ում հիմնական աշխատանքային պայմանագրով աշխատող-ուսանողներին և աշխատողների երեխա-ուսանողներին հետևյալ չափերով.
ա. ԵՊՀ-ում 5-15 տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում՝ պրոֆեսորադասախոսական համակազմի աշխատողների համար 60 տոկոսի չափով (մագիստրատուրայում` 40 տոկոսի չափով), մյուս տարակարգերի աշխատողների համար՝ 50 տոկոսի չափով (մագիստրատուրայում՝ 30 տոկոսի չափով),
բ. ԵՊՀ-ում 15 տարուց ավելի մինչև 25 տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում՝ պրոֆեսորադասախոսական համակազմի աշխատողների համար 70 տոկոսի չափով (մագիստրատուրայում` 50 տոկոսի չափով), մյուս տարակարգերի աշխատողների համար՝ 60 տոկոսի չափով (մագիստրատուրայում՝ 40 տոկոսի չափով),
գ. ԵՊՀ-ում 25-ից ավելի տարիների աշխատանքային ստաժ ունենալու դեպքում՝ պրոֆեսորադասախոսական համակազմի աշխատողների համար 80 տոկոսի չափով (մագիստրատուրայում` 60 տոկոսի չափով), մյուս տարակարգերի աշխատողների համար՝ 70 տոկոսի չափով (մագիստրատուրայում՝ 50 տոկոսի չափով):
22.12) ԵՊՀ-ի կողմից անցկացվող դպրոցականների օլիմպիադայում 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի դիպլոմի արժանացած ուսանողներին 1-ին կարգի դիպլոմի արժանանալու դեպքում՝ 50 տոկոսի չափով, 2-րդ կարգի դիպլոմի արժանանալու դեպքում՝ 40 տոկոսի չափով և 3-րդ կարգի դիպլոմի արժանանալու դեպքում՝ 30 տոկոսի չափով: Սույն կետով սահմանված ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցումն ուսանողին տրամադրվում է միայն ուսումնառության 1-ին կուրսում։
22.13) առանձնահատուկ դեպքերում այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին՝ ԵՊՀ ռեկտորի որոշմամբ սահմանված չափով:
23. ԵՊՀ-ի կողմից տրամադրվող ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցումից ուսանողը կարող է օգտվել ԵՊՀ-ի կողմից սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարելու դեպքում:
Յուրաքանչյուր ուսումնական տարվա համար միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը սահմանվում է ԵՊՀ ռեկտորի հրամանով:
24. Բակալավրիատի կամ մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները ուսման վճարի մասնակի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել միայն ուսումնառության երկրորդ կիսամյակից՝ բացառությամբ սույն կանոնակարգի 22.11-րդ և 22.12.-րդ կետերով սահմանված կարգավիճակ ունեցող ուսանողների, որոնք ուսման վճարի մասնակի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել ուսումնառության առաջին կիսամյակից:
Սույն կանոնակարգի 22.9.-րդ ենթակետում սահմանված կարգով ուսման վճարի մասնակի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել միայն առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողները` սկսած երկրորդ կուրսից:
Սույն Կանոնակարգի 22-րդ կետով սահմանված ուսման վճարի մասնակի փոխհատուցումն ուսանողին տրամադրվում է մեկ ուսումնական կիսամյակի համար՝ բացառությամբ 22.9.-րդ և 22.12.-րդ կետերի, որոնց դեպքում ուսման վճարի մասնակի փոխհատուցումը տրամադրվում է մեկ ուսումնական տարվա համար:
5. ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
25. Պետական կրթաթոշակը պետական ֆինանսական խրախուսանք է: Ուսանողներին պետական կրթաթոշակ տրվում է գերազանց և լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսևորելու համար, ինչպես նաև նպատակային ուսուցմամբ սովորող սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին:
26. Ուսանողների հասարակական ակտիվությունը բնութագրող ցուցանիշներն են`
1) մասնակցությունը ֆակուլտետի կամ բուհի ուսանողական, հասարակական աշխատանքներին.
2) զեկուցումներ, ռեֆերատներ, հրատարակած աշխատանքներ (գիտական ամսագրերում և զանգվածային լրատվության միջոցներում).
3) մասնակցությունը միջբուհական, քաղաքային, հանրապետական և միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին.
4) ֆակուլտետի կամ համալսարանի ղեկավարության մեկանգամյա կամ բազմակի հանձնարարականների բարեխղճորեն և ժամանակին կատարում, որոնք ունեն պատշաճ ձևակերպում:
27. Սույն կանոնակարգի իմաստով ուսանողների պատշաճ վարքագիծը բուհի կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով սահմանված պարտականությունների կատարումն է:
28. Հայաստանի Հանրապետության Կառավարությունը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով բուհերի համար նախատեսված միջոցների սահմաններում, ըստ բուհերի, հաստատում է պետական կրթաթոշակների թիվը և չափը:
29. Առաջին կուրսում պետական կրթաթոշակ տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բուհերի ընդունելության կանոններով սահմանված կարգով պետության կողմից ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ տեղերում ընդունված բոլոր ուսանողներին:
30. Ուսանողին պետական կրթաթոշակի տրամադրումը վերանայվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին` համաձայն սույն կանոնակարգի 25-27-րդ կետերով նախատեսված պայմանների: Սահմանված պայմանները չապահովելու դեպքում ուսանողը զրկվում է պետական կրթաթոշակից: Պետական կրթաթոշակից զրկված ուսանողը կարող է ընդգրկվել ուսանողական նպաստի համակարգում սույն կարգի պահանջները բավարարելու դեպքում:
Ազատված պետական կրթաթոշակները մրցութային կարգով հատկացվում են այլ ուսանողների:
31. Ուսումնառությունն ընդհատած (պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու, առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդում գտնվելու, հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքերում) ուսանողն ուսանողական իրավունքները վերականգնելիս պահպանում է նախկինում ունեցած կրթաթոշակ ստանալու իրավունքը (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված կրթաթոշակ ստացողների ընդհանուր թվաքանակի շրջանակում):
32. Ուսման վարձի փոխհատուցմամբ առկա ձևով ուսուցանող, 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող և հաշմանդամ երեխա ճանաչված ուսանողները, ինչպես նաև ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող ուսանողները հերթական քննությունները և ստուգարքները դրական գնահատականներով հանձնելու դեպքում ստանում են կրթաթոշակ՝ 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն և հաշմանդամ երեխա կարգավիճակ կամ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունենալու ամբողջ ժամանակահատվածում՝ անկախ ստացվող այլ նպաստներից, թոշակներից կամ այլ դրամական վճարումներից:
33. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին վճարվում է կրթաթոշակ՝ ԵՊՀ-ում սահմանված կրթաթոշակի 150 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության Կառավարության սահմանած պետական կրթաթոշակի չափը:
34. ԵՊՀ-ում պետական կրթաթոշակների հատկացման գործընթացը կազմակերպվում է սույն կանոնակարգի 12-րդ կետում նշված մանդատային հանձնաժողովների միջոցով և համապատասխան կարգով: Մրցույթի անցկացումից հետո տվյալ մասնագիտությունում ազատ պետական կրթաթոշակներ առաջանալու դեպքում դրանք կարող են տրամադրվել ֆակուլտետի մյուս կրթական ծրագրերում սովորող ուսանողներին:
35. ԵՊՀ-ն իրավասու է սեփական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին սահմանելու ներբուհական, այդ թվում՝ անվանական կրթաթոշակներ:
ԵՊՀ գիտական խորհուրդը յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում հաստատում է հաջորդ ուսումնական տարում ԵՊՀ ֆինանսական միջոցների հաշվին տրամադրվող անվանական կրթաթոշակների քանակն ու չափը:
(35-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 23.03.2023 թ. թիվ 9/3 որոշմամբ):
36. ԵՊՀ ֆինանսական միջոցների հաշվին անվանական կրթաթոշակի կարող են հավակնել այն ուսանողները, որոնք ունեն առնվազն 4 կիսամյակ գերազանց առաջադիմություն (մագիստրատուրայի ուսանողների դեպքում հաշվի են առնվում նաև բակալավրիատում ցուցաբերած առաջադիմության արդյունքները), գիտական ու հասարակական ակտիվություն, վերջին կիսամյակում՝ 18 և ավելի ՄՈԳ:
Այլ կազմակերպությունների (ֆիզիկական անձանց) ֆինանսավորմամբ նշանակվող անվանական կրթաթոշակի հավակնորդին առաջադրվող պայմաններն ու ընտրության կարգը սահմանվում են ֆինանսավորող կազմակերպության (ֆիզիկական անձանց) կողմից՝ համաձայնեցնելով տվյալ ֆակուլտետի (ինստիտուտի) գիտական խորհրդի հետ:
(36-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 23.03.2023 թ. թիվ 9/3 որոշմամբ):
37. ԵՊՀ ֆինանսական միջոցների հաշվին տրամադրվող անվանական կրթաթոշակի հավակնորդ ուսանողի թեկնածությունը քննարկում է ֆակուլտետի (ինստիտուտի) գիտական խորհուրդը և առաջարկություն է ներկայացնում ԵՊՀ գիտական քարտուղարին՝ կցելով հավակնորդի՝ չափորոշիչներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթեր:
Այլ կազմակերպությունների (ֆիզիկական անձանց) ֆինանսավորմամբ անվանական կրթաթոշակի հավակնորդի թեկնածությունը ֆակուլտետի (ինստիտուտի) գիտական խորհրդի համաձայնությամբ ներկայացվում է ԵՊՀ գիտական քարտուղարին՝ կից ներկայացնելով փաստաթղթերի փաթեթը:
Սույն կանոնակարգի 36-րդ կետով սահմանված չափանիշներին ու կարգին համապատասխան ընտրված հավակնորդների անվանական ցանկը ներկայացվում է ԵՊՀ գիտական խորհրդի հաստատմանը:
Գիտական խորհուրդը բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ հաստատում է անվանական կրթաթոշակ ստացողների անվանական ցանկը, որի հիման վրա ռեկտորը տալիս է հրաման:
Տրամադրված անվանական կրթաթոշակից ուսանողը զրկվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ:
(37-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 23.03.2023 թ. թիվ 9/3 որոշմամբ):
38. Անվանական կրթաթոշակների տրամադրումը վերանայվում է յուրաքանչյուր ուսումնական կիսամյակի սկզբում:
Ուսանողը զրկվում է նշանակված անվանական կրթաթոշակից, եթե չի համապատասխանում սույն կանոնակարգի 36-րդ կետով սահմանված չափանիշներին: