Ընդհանուր տվյալներ
ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Որակի ապահովման կենտրոնը (այսուհետ` Կենտրոն) Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում է, որի հիմնական նպատակը համալսարանում որակի ներքին ապահովման մեխանիզմների գործադրումը և որակի շարունակական բարելավման մշակույթի խթանումն է:
1.2. Կենտրոնը գործում է ՀՀ օրենսդրության համապատասխան` ԵՊՀ կանոնադրության և սույն կանոնադրության հիման վրա:
1.3. Կենտրոնը սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների լուծման նպատակով համագործակցում է ԵՊՀ այլ կառուցվածքային ստորաբաժանումների և արտահամալսարանական տարբեր կազմակերպությունների հետ` սահմանված կարգի համաձայն:
1.4. Կենտրոնն ունի ԵՊՀ խորհրդանշանով ձևաթուղթ (պաշտոնաթուղթ) և կնիք:
1.5. Կենտրոնի գործունեությունը ֆինանսավորվում է ԵՊՀ միջոցներից, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ և ԵՊՀ կանոնադրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
1.6. Սույն կանոնադրության մեջ փոփոխություններն ու լրացումները, ինչպես նաև Կենտրոնի վերակազմակերպումը կամ լուծարումն իրականացնում է ԵՊՀ գիտական խորհուրդը` ԵՊՀ ռեկտորի ներկայացմամբ:
2. ԿԵՆՏՐՈՆԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
2.1. Կենտրոնի խնդիրներն են.
2.1.1. ԵՊՀ որակի ապահովման (ՈԱ) քաղաքականության և ռազմավարության մշակում և պարբերական վերանայում, վարչական աջակցություն բոլոր մակարդակներում՝ դրանց իրագործմանը:
2.1.2. Որակի միասնական չափանիշների պահպանում, ՈԱ գործընթացների ներդաշնակեցում և իրականացում ԵՊՀ գործունեության բոլոր հիմնական ոլորտներում:
2.1.3. Կրթության որակի համար ԵՊՀ հաշվետվողականության ապահովում ներքին (ուսանողներ, դասախոսական և վարչական կազմ) և արտաքին (դիմորդներ, շրջանավարտներ, գործատուներ, պետություն և հասարակություն) շահեկիցների առջև:
2.1.4. Կանոնակարգային և կազմակերպական հենքի ստեղծում և վարչական օժանդակություն` համալսարանի և նրա կրթական ծրագրերի որակի արտաքին գնահատման և հավատարմագրման համար, որակի ներքին և արտաքին գնահատման գործընթացների միջև կապի ապահովում:
2.1.5. Ազգային, տարածաշրջանային և միջազգային ՈԱ գործակալությունների և համալսարանների ՈԱ կենտրոնների հետ կապերի հաստատում և ամրապնդում:
2.2. Կենտրոնի գործառույթներն են.
Կենտրոնը`
2.2.1. մշակում, իրականացնում և մշտապես բարելավում է որակի ներքին ապահովման գործընթացները, զեկուցում դրանց արդյունքների մասին, 3 սահմանում է որակի ներքին չափանիշներ և չափորոշիչներ` ընդունված եվրոպական պահանջներին համահունչ,
2.2.2. մշակում է ԵՊՀ ՈԱ կանոնակարգային, ընթացակարգային և չափորոշիչ փաստաթղթերը,
2.2.3. համակարգում, վերահսկում և վարչական աջակցություն է տրամադրում ՈԱ գործընթացների իրականացմանը ԵՊՀ բոլոր ստորաբաժանումներում,
2.2.4. ապահովում է ՈԱ գործընթացների և ընթացակարգերի թափանցիկությունը, դրանցում ուսանողների, շրջանավարտների, հիմնական գործատուների և արտաքին փորձագետների գործուն մասնակցությունը,
2.2.5. կազմակերպում է ԵՊՀ ինստիտուցիոնալ հավատարմագրման ինքնագնահատման գործընթացը, համապատասխան զեկույցի պատրաստումը և հաջորդող գործողությունների պլանավորումն ու վերահսկումը,
2.2.6. համակարգում է համալսարանի ստորաբաժանումների աշխատանքը հավատարմագրող մարմինների փորձագիտական այցերի ժամանակ,
2.2.7. համագործակցում է ՀՀ մասնագիտական կրթության Որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի հետ,
2.2.8. ապահովում է կրթական ծրագրերի մշակման և իրականացման որակի հսկողությունը և ստուգում դրանց համապատասխանությունը սահմանված չափորոշիչներին,
2.2.9. պատրաստում է ՈԱ ընթացակարգեր կրթական ծրագրերի մշակման, հաստատման, ընթացիկ մոնիթորինգի (մշտադիտարկման) և պարբերական վերանայման համար, համակարգում և աջակցում է դրանց իրականացմանը ԵՊՀ բոլոր ստորաբաժանումներում,
2.2.10. կազմակերպում է կրթական ծրագրերի պարբերական վերանայման գործընթացները` ՈԱ ընթացակարգերին համապատասխան, ստուգում է նոր և վերանայված կրթական ծրագրերի փաստաթղթային փաթեթները,
2.2.11. համակարգում է ԵՊՀ կրթական ծրագրերի որակի ինքնագնահատումը և օժանդակում դրանց արտաքին գնահատման և հավատարմագրման գործընթացներին,
2.2.12. մշակում և իրականացնում է դասավանդման, ուսումնառության և ուսանողների գնահատման ՈԱ գործիքակազմը (հարցումներ, ֆոկուսխմբեր և այլն) և ընթացակարգերը,
2.2.13. համագործակցում է ԵՊՀ գիտական խորհրդի և ֆակուլտետների գիտական խորհուրդների ՈԱ մշտական հանձնաժողովների հետ և աջակցում նրանց աշխատանքներին:
3. ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
3.1. Կենտրոնի աշխատանքների ընդհանուր համակարգումը ԵՊՀ ռեկտորի համապատասխան հրամանով վերապահվում է ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորին:
3.2. Կենտրոնը ղեկավարում է կենտրոնի տնօրենը, որին նշանակում և պաշտոնից ազատում է ԵՊՀ ռեկտորը:
3.3. Կենտրոնի հաստիքացուցակը սահմանում և դրա մեջ փոփոխություններ է կատարում ԵՊՀ ռեկտորը:
3.4. Կենտրոնի տնօրենը`
3.4.1. պլանավորում, կազմակերպում, ղեկավարում և վերահսկում է Կենտրոնի ընթացիկ գործունեությունը, համաձայն ԵՊՀ կանոնադրության մասնակցում ԵՊՀ ռեկտորատի աշխատանքներին,
3.4.2. ԵՊՀ ռեկտորատում և գիտական խորհրդում հանդես է գալիս համապատասխան հաշվետվություններով, զեկույցներով և հաղորդումներով,
3.4.3. ապահովում է Կենտրոնի հիմնական գործառույթների իրականացումը, լուծում դրանից բխող հիմնախնդիրները, աշխատողներին տալիս համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ, ապահովում է այլ ստորաբաժանումների հետ Կենտրոնի փոխգործակցությունը,
3.4.4. ստորագրում է Կենտրոնի անունից պատրաստվող փաստաթղթերը, կատարում նշագրումներ, Կենտրոնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում զեկուցագրեր, տեղեկանքներ, հաշվետվություններ, առաջարկություններ և այլ գրություններ ու փաստաթղթեր,
3.4.5. Կենտրոնի առջև դրված խնդիրների լուծման հետ կապված՝ կարող է հրավիրել խորհրդակցություններ, ըստ անհրաժեշտության՝ ԵՊՀ ռեկտորին կամ Կենտրոնի գործունեությունը համակարգող պրոռեկտորին ներկայացնում է համապատասխան զեկույց և առաջարկություններ Կենտրոնի գործունեությանն առնչվող ԵՊՀ համապատասխան ստորաբաժանումների կողմից կատարվող աշխատանքների վերաբերյալ,
3.4.6. ԵՊՀ ռեկտորին կամ Կենտրոնի գործունեությունը համակարգող պրոռեկտորին ներկայացնում է առաջարկություններ Կենտրոնի աշխատակիցներին սահմանված կարգով խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու, ատեստավորելու և վերապատրաստելու վերաբերյալ,
3.4.7. ներկայացնում է Կենտրոնը արտաքին շփումներում, Կենտրոնի աշխատանքները կազմակերպելու նպատակով հանդիպում տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, նախապատրաստում և ստորագրում համապատասխան համագործակցությանն առնչվող փաստաթղթեր՝ դրանց մասին պարբերաբար զեկուցելով և համաձայնեցնելով Կենտրոնի գործունեությունը համակարգող պրոռեկտորի հետ,
3.4.8. կազմակերպում և հսկում է Կենտրոնում տարվող գործավարությունը, ինչպես նաև կատարում Կենտրոնի խնդիրների լուծման հետ կապված այլ աշխատանքներ,
3.4.9. պատասխանատվություն է կրում Կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքների որակի և Կենտրոնի առջև դրված խնդիրների հնարավորինս պատշաճ և արդյունավետ լուծման համար։