Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ ՍԹԵՄ ավագ դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը։
ԵՊՀ ավելի քան մեկդարյա կրթական ավանդույթը զուգահեռելով ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաներին՝ ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը նպատակ ունի ստեղծելու 21-րդ դարի հրամայականներին համահունչ կրթական միջավայր և տարածելու ԵՊՀ հետազոտահենք կրթության մշակույթը:
Ավագ դպրոցում դասավանդումը կազմակերպվում է «ԵՊՀ դպրոցների ցանց» հեղինակային կրթական ծրագրով, որը մշակել են ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները։ «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Անգլերեն» առարկաները դասավանդվում են «ԵՊՀ դպրոցների ցանց» կրթական ծրագրում ներառված առարկայական ծրագրերի համապատասխան, իսկ մնացած առարկաները՝ ըստ հանրակրթության առարկայական ծրագրերի։ Նախատեսված է հետագայում մշակել նաև հումանիտար առարկաների հեղինակային ուսումնական պլանները՝ վերջնարդյունքում ունենալով «ԵՊՀ դպրոցների ցանցի» ամբողջական ծրագիր:
ՍԹԵՄ դպրոցի աշակերտներին հասանելի են ԵՊՀ ենթակառուցվածքները և նյութատեխնիկական հագեցվածությունը (լաբորատորիաներ, մարզասրահներ, գրադարան)։ Նրանք նաև հնարավորություն ունեն ծանոթանալու և մասնակցելու ԵՊՀ դասախոսների և ուսանողների կատարած հետազոտություններին, ինչպես նաև իրականացնելու տարաբնույթ նախագծեր ու գիտափորձեր համալսարանի գիտնականների վերահսկողությամբ:
Դպրոցում հիմնականում դասավանդում են ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև հրավիրյալ ուսուցիչներ, որոնք անցել են վերապատրաստումներ:
Բազմաքանակ դիմորդներից 2023/2024 ուսումնական տարվա ընդունելության շեմը հաղթահարել և ընդունվել են 36 աշակերտներ: Այս տարի դպրոցն ունի մեկ 11-րդ և երկու 10-րդ դասարաններ:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, շնորհավորելով նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, շեշտեց. «Սեպտեմբերի 1-ը մեր մտքերում զուգորդվում է նորի հետ, և մենք շատ ուրախ ենք, որ ԵՊՀ պատերի ներքո նոր շնչով ողջունում ենք ՍԹԵՄ դպրոցի մեր աշակերտներին, որոնք այսօրվանից դառնում են ԵՊՀ-ականներ: Վստահ եմ, որ մեր առաջին ՍԹԵՄ-ցիները հետագայում լավագույնս ցույց են տալու ԵՊՀ դիմագիծը»:
Հիշեցնենք, որ համաձայն ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի ընդունելության կարգի՝ ընդունելությունն անցկացվում է յուրաքանչյուր ուսումնական տարվան նախորդող մարտ ամսից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում: Ընդունելությունն իրականացվում է բնագիտական մեկ առարկայից պարտադիր գրավոր քննություն հանձնելով և ընդհանուր իմացության գիտելիքի ստուգման հարցազրույցին մասնակցելով:
Նշենք, որ դպրոցի բացման արարողությանը ներկա էին ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ՍԹԵՄ դպրոցի տնօրեն Արամ Խաչատրյանը, դպրոցի ուսուցիչները, աշակերտները և նրանց ծնողները: