«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի համագործակցության շրջանակում ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի 11-րդ դասարանի ֆիզիկայի դասն անցկացվեց Հայկական ատոմային էլեկտրակայանում։ Այցը սովորողների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելու, ինչպես նաև ուսումնական գործընթացն ավելի հետաքրքիր ու արդյունավետ դարձնելու նպատակ ուներ։
Աշակերտները ծանոթացան ատոմակայանի հերթափոխի անձնակազմին, որոնք այդ օրվա անխափան աշխատանքի երաշխավորներն էին, եղան կառավարման գլխավոր վահանակի մոտ, ուսումնական մասնաշենքում, որտեղ նրանց ներկայացվեցին ատոմակայանի պատմությունը, գիտական ձեռքբերումները, հոսանքի ստեղծման ընթացքը և հետաքրքրող հարցերի վերաբերյալ տեղեկություններ։ Համալսարանականները շրջեցին գործող էներգաբլոկի կայանում՝ ծանոթանալով էլեկտրաէներգիայի ստեղծման գործընթացին։ Շրջայցը շարունակվեց ատոմակայանի մանրակերտի մոտ, որտեղ աշակերտները ամբողջական պատկերացում կազմեցին Հարավային Կովկասում նմանատիպ միակ կառույցի ու նրա ենթակառուցվածքների մասին։ Շրջայցի ժամանակ նրանց ուղեկցում էին ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի տնօրեն Ա․ Խաչատրյանը, ԵՊՀ միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ Ա․ Բալաբեկյանը, ԵՊՀ կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կ․ Նազարյանը, ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Լ․ Հովհաննիսյանը և դասարանների պատասխանատու Լ․ Ամիրյանը։