ԵՊՀ-ում տեղի ունեցավ Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի և Ամերիկյան մանրէաբանական ընկերության համատեղ ջանքերով կազմակերպված «Բացահայտելով մանրէների աշխարհը» խորագրով եռօրյա աշխատաժողովը։ ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի սովորողներն ու բակալավրիատի ուսանողները աշխատաժողովի շրջանակում ծանոթացան մանրէաբանության ոլորտի նորություններին, կատարեցին լաբորատոր գիտափորձեր։
Եռօրյա աշխատաժողովը հագեցած էր լաբորատոր գիտափորձերով։ Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնում մասնակիցները կատարեցին մի շարք գիտափորձեր, այդ թվում՝ մանրէների մանրադիտարկում, մանրէների կառուցվածքի ուսումնասիրություն, տարբեր նմուշներում ազոտի քանակի որոշում։ Նրանք այցելեցին նաև Կենսաբանության ֆակուլտետի գիտահետազոտական լաբորատորիաներ, ծանոթացան գիտահետազոտական ուղղություններին, հանդիպեցին գիտնականների հետ։ Աշխատաժողովի մասնակիցները «Լեգո» խաղի միջոցով ներկայացրին ապագայի իրենց պատկերացրած «խելացի» դպրոցների և համալսարանների կառուցվածքը։ Խաղի արդյունքում ընտրվեցին հաղթողներ, որոնք ստացան հավաստագրեր։
Աշխատաժողովի մասնակից աշակերտները հիմնականում ընտրվել էին ՀՀ տարբեր մարզերի դպրոցներից՝ իրենց մոտիվացիոն նամակների հիման վրա։ Գիտական միջոցառման ավարտին մասնակիցներին տրվեցին հավաստագրեր։