Ռուսաստանի Դաշնության «Սիրիուս» կրթական կենտրոնում առաջին անգամ անցկացվեց կենսաբանության միջազգային բաց օլիմպիադա, որին մասնակցեցին 15 պետությունների 75 աշակերտներ։
Մայիսի 10-17-ը տեղի ունեցած օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են 10-րդ դասարանի աշակերտ Սառա Հակոբյանը (ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոց), 11-րդ դասարանի աշակերտներ Լևոն Հայրապետյանը (ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոց), Անահիտ Հունոյանը ու Բաբիկ Սարգսյանը (ՀՀ ԿԳՄՍՆ «Ֆոտոն» վարժարան), Միլենա Հայրապետյանը (ԵՊՀ «ՍԹԵՄ» ավագ դպրոց) և Լիլիա Կարապետյանը (Երևանի թիվ 184 ավագ դպրոց)։ Հայաստանի Հանրապետության թիմը ղեկավարել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գիտաշխատող Ռուզաննա Ադամյանը։
Տեսական և գործնական (անհատական), ինչպես նաև նախագծային (թիմային) փուլերով անցկացված օլիմպիադայում բրոնզե մեդալների են արժանացել Սառա Հակոբյանը, Անահիտ Հունոյանը, Միլենա Հայրապետյանը և Լիլիա Կարապետյանը:
Կենսաբանության միջազգային օլիմպիադայի նպատակն էր ներգրավել դպրոցականներին արդիական կենսաբանական և կենսատեխնոլոգիական խնդիրների ուսումնասիրության և լուծման գործում, ինչպես նաև զարգացնել միջազգային համագործակցությունը և փորձի փոխանակումը մասնակիցների միջև։
Կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայի պաշտոնական կայքը՝ https://oibo.siriusolymp.ru/ru: