ԵՊՀ բիզնես ինկուբատորի կազմակերպած ինկուբացիոն ծրագրի ավարտին ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի աշակերտները ներկայացրին իրենց ավարտական նախագծերը՝ ցուցադրելով ոչ միայն ստեղծարար գաղափարներ, այլև ծրագրի ընթացքում ձեռք բերած ձեռնարկատիրական գիտելիքներն ու հմտությունները։
Մի քանի շաբաթ շարունակ աշակերտները մասնակցել են ինկուբացիոն ինտենսիվ ծրագրի՝ ոլորտի առաջատար մասնագետների աջակցությամբ ուսումնասիրելով ստարտափների ստեղծման և զարգացման կարևոր փուլերը։ «Ստարտափների տնտեսագիտություն», «Ինչպե՞ս գաղափարը դարձնել վաճառելի», «Տեխնոլոգիաների առևտրայնացում», «Ստարտափների ֆինանսավորում», «Նորարարություն և ձեռներեցություն» և «Ստարտափների ներկայացման հմտություններ» դասընթացներին աշակերտները յուրացրել են, թե ինչպես կարելի է գաղափարը վերածել կենսունակ և մրցունակ ստարտափի։
Ծրագրի եզրափակիչ միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին ավարտական նախագծերը՝ հիմնավորելով դրանց նորարարական արժեքը, կիրառական նշանակությունն ու զարգացման ներուժը։ Մասնագիտական հանձնաժողովը, գնահատելով ներկայացումները, արժևորեց մասնակիցների ստեղծարար մտածողությունը, նախաձեռնողականությունն ու ծրագրի ընթացքում արձանագրած առաջընթացը։
ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի դրամաշնորհների արժանացան երկու նախագծեր՝ «Հոմանիշների, հականիշների և համանունների ուսուցումը սեղանի խաղերի միջոցով» և «ՊատՄտակ» սեղանի ժամանցային խաղը, որոնք առանձնացան իրենց կրթական արժեքով, նորարարական մոտեցմամբ և զարգացման հեռանկարներով։
ԵՊՀ բիզնես ինկուբատորի սահմանած խրախուսական դրամական աջակցությանն արժանացան ևս երկու թիմերի նախագծեր՝ «ԿենսաԲառ»-ը՝ կենսաբանական «Alias» սեղանի խաղի գաղափարով, և «HydraSyn»-ը («Հիդրասին»), որը ներկայացրեց ձեռքի փոխամարմնի՝ պրոթեզի նորարարական լուծում։ Այս նախագծերը նույնպես առանձնացան ստեղծագործական մտածողությամբ, կիրառական նշանակությամբ և հետագա զարգացման ներուժով։
Սույն նախաձեռնությունը հերթական անգամ ապացուցում է, որ համապատասխան կրթական միջավայրի, փորձագիտական մենթորության և գործնական գիտելիքների համադրությունը դպրոցականների գաղափարներին կարող է տալ նոր կյանք՝ դրանք վերածելով ապագա հաջողակ ձեռնարկատիրական նախաձեռնությունների։













