ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի աշխատակազմը «Հայաստանի տեխնոլոգիական ապագա» (ATF) նախաձեռնության «STEM կրթության բարելավման նոր մեթոդաբանության կիրառում անդամ համալսարաններին կից դպրոցներում» ծրագրի շրջանակում ծանոթացավ «ԳիտՍԵՐունդ» ծրագրի առանձնահատկություններին և կիրառմանը:
«ԳիտՍԵՐունդ» նախագծի համակարգող Արթուր Խալաթյանը ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի ուսուցիչներին ներկայացրեց gitserund.am հարթակից օգտվելու սկզբունքները, բաժիններն ու գործիքները, որոնք ուսուցիչներին հնարավորություն կտան դասավանդելու նոր և ինտերակտիվ մեթոդներով, ինչպես նաև նպաստելու աշակերտների ոչ օրինաչափ մտածողության զարգացմանը և մասնագիտական կողմնորոշմանը:
Կարևորելով հարթակի կիրառությունը՝ ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի տնօրեն Արամ Խաչատրյանը նշեց. «Ժամանակակից տեղեկատվական-հաղորդակցական մեթոդները անհամեմատ արդյունավետ են դարձնում դասավանդման և գիտելիքի պահպանման գործընթացը: «ԳիտՍԵՐունդ»-ը քննություն անցած և մեծ հաջողությամբ կիրառվող մեթոդ է, որը դյուրին կդարձնի նաև ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի աշակերտների և ուսուցիչների աշխատանքը»:
Արամ Խաչատրյանն ընդգծեց, որ ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցը հագեցած է անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով և միջոցներով, որոնք հնարավորություն կտան ամբողջությամբ կիրառելու gitserund.am հարթակը:
Անդրադառնալով ուսուցիչների ներգրավվածության մեծացմանը՝ «ԳիտՍԵՐունդ» նախագծի համակարգող Արթուր Խալաթյանն ասաց. «Մենք չենք ուզում ունենալ միայն սպառող ուսուցիչներ, ուզում ենք, որ նրանք մշակեն և զարգացնեն հարթակը, ինչի նպատակով կանցկացնենք քննարկումներ՝ լսելու նրանց առաջարկները ծրագրի տեխնիկական և բովանդակային լավարկման համար»:
«Հայաստանի տեխնոլոգիական ապագա» նախաձեռնության համակարգող Կիմա Ղուլյանը շեշտեց, որ ծրագրում են ATF-ի անդամ մյուս համալսարանների դպրոցներում ևս ներդնել հարթակը:
«Հաջող արդյունք ունենալու պարագայում կփորձենք ընդլայնել մեր նախաձեռնության մասշտաբները՝ ծրագիրը դպրոցից տանելով բուհ՝ STEM կրթությունը բարելավելու նպատակով»,- ասաց Կ. Ղուլյանը:
Նշենք, որ ԵՊՀ-ն «Հայաստանի տեխնոլոգիական ապագա» նախաձեռնության համահիմնադիրներից է: Ծրագիրը նպատակ ունի համատեղելու Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Հայ-ռուսական համալսարանի լաբորատոր, մարդկային և ֆինանսական ռեսուրսներն ու ջանքերը և գործակցային կապերի շնորհիվ Հայաստանը տանելու տեխնոլոգիական զարգացման: