Դեռևս 2022 թ. դեկտեմբերի 6-ին ԵՊՀ գիտական խորհրդի առաջարկով Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կազմում ստեղծել է ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցը։
Դպրոցն անցած տարի՝ սեպտեմբերի 1-ին, առաջին անգամ իր դռներն է բացել երկու 10-րդ և մեկ 11-րդ դասարանների աշակերտների առջև:
Դպրոցի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Արամ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց. «Երևանի պետական համալսարանում ավագ դպրոց ստեղծելու գաղափարը մշտապես հետաքրքրել է բոլոր ղեկավարներին, սակայն դա կյանքի կոչվեց անցյալ տարի: Դեռևս 2022 թվականին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ջանքերով ձևավորվեցին աշխատանքային խմբեր, մշակվեց «ԵՊՀ դպրոցների ցանց» կրթական ծրագիրը, որի շրջանակում կազմվեցին հեղինակային կրթական ծրագրեր՝ «ՍԹԵՄ» ուղղվածությամբ՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, մաթեմատիկա, ինչպես նաև անգլերենը՝ «ՍԹԵՄ» բնագավառին համապատասխան: Այդ ծրագրերը սահմանված կարգով ներկայացվել են երաշխավորման և հաստատվել ԿԳՄՍ նախարարության կողմից»:
Դպրոցը մեկնարկի տարում ունեցել է մեկ ուղղվածություն՝ բնագիտամաթեմատիկական, սակայն բազմաթիվ առաջարկներին ընդառաջ գնալով՝ որոշում է կայացվել 2024/2025 ուսումնական տարում ընդունելությունն իրականացնել ևս մեկ՝ հասարակագիտական (հումանիտար) ուղղվածությամբ:
Այս տարի դպրոց ընդունվելու հնարավորություն ունեն 9-րդ դասարանցիները, որոնք պետք է 2024/2025 ուսումնական տարում սովորեն 10-րդ դասարանում:
«ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցը իրականացնում է 3-րդ աստիճանի (ավագ դպրոց) կրթական ծրագիր, և ընդունելությունն իրականացվում է միայն 10-րդ դասարանի համար երկու ուղղվածությամբ միաժամանակ՝ բնագիտամաթեմատիկական և հասարակագիտական (հումանիտար)»,– ասաց Արամ Խաչատրյանը:
Դպրոցում ուսումնառությունը վճարովի է: Ինչպես ընթացիկ, այնպես էլ եկող ուսումնական տարվա համար սահմանված ուսման վարձավճարը 800 հազար դրամ է: Պայմանագրով նախատեսված է վճարումը կատարել երկու փուլով. առաջին մասը վճարել մինչև սեպտեմբերի 30-ը, երկրորդը՝ մինչև փետրվարի 28-ը: Հարցին, թե արդյոք սոցիալական բաղադրիչ ներառված է վճարման կարգում, դպրոցի տնօրենը պատասխանեց. «Սոցիալական բաղադրիչ՝ որպես այդպիսին, այս պահին չունենք։ Մենք փորձում ենք հիմանադրամների, դրամաշնորհային ծրագրերի աջակցությամբ ստեղծել այնպիսի հնարավորություն, որ շնորհալի աշակերտները վարձի պատճառով դպրոցից դուրս չմնան: Նաև նախատեսված է, որ ունենալու ենք ռոտացիոն տեղեր, այսինքն՝ համաֆինանսավորում կլինի, բայց դա շատ մեծ տոկոս չի կազմի, որովհետև դպրոցը դեռևս քիչ թվով սովորողներ ունի, և ամբողջ դպրոցի ծախսերի բեռը համալսարանի վրա է: Դեռևս ինքնաֆինանսավորման հնարավորություն չունենք, որովհետև առայժմ ներդրումներն արվում են, որ դպրոցն իսկապես կայանա, և այստեղ նպատակը խելացի, ուսման արժեքը գնահատող աշակերտներին ավելի շատ գիտելիք ստանալու հնարավորություն տալն է»:
Դպրոցի աշակերտներին հասանելի է ԵՊՀ նյութատեխնիկական հագեցվածությունը: Դասընթացներն անցկացվում են դասարաններում, որտեղ կան ուսումնական գործընթացի տեսական մասի համար խելացի («սմարթ») գրատախտակներ, ուսումնաօժանդակ նյութեր: Իսկ գործնական պարապմունքների համար դպրոցն օգտվում է համալսարանի ամբողջ նյութատեխնիկական բազայից, որը ՍԹԵՄ դպրոցն ազատորեն օգտագործում է՝ ըստ նշանակության: Ինչպես ԵՊՀ-ի ուսանողները, այնպես էլ ՍԹԵՄ դպրոցի աշակերտներն օգտվում են համալսարանի մասնագիտական լաբորատորիաներից, իրենց անհրաժեշտ մասնագիտական գրականության համար՝ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանից, մարզադահլիճներից, տրանսպորտային ծառայությունից և այլն:
ՍԹԵՄ դպրոցում, ինչպես և մյուս ավագ դպրոցներում, ուսուցումն իրականացվում է պետական կրթական չափորոշիչներին համապատասխան ծրագրերով: Այդուհանդերձ, կան նաև հեղինակային կրթական ծրագրեր, որոնք մշակվել են չափորոշչին համապատասխան, և վերաբերում են միայն մասնագիտական դասընթացներին:
Մեր այն հարցին, թե մյուս ավագ դպրոցների համեմատ որևէ առավելություն ունի ՍԹԵՄ-ը, դպրոցի տնօրենը պատասխանեց. «Կարող եմ նշել հետևյալը. հեղինակային ծրագրերով իրականացվող դասընթացների կրեդիտների սահմանված մակարդակն ապահովելու դեպքում, որոնք ճանաչելի են ԵՊՀ-ի կողմից, մեր սովորողները ԵՊՀ ընդունվելու դեպքում ազատվելու են այդ առարկաների դասընթացներին մասնակցելուց, քանի որ արդեն իսկ ունենալու են անհրաժեշտ գիտելիքների պաշար։ Վստահ եմ՝ սա շատ կարևոր առանձնահատկություն է, և հնարավորություն է տալիս թեթևացնելու բուհի ուսանողի ծանրաբեռնվածությունը»։
Այսօր դպրոցում սովորում են 36 աշակերտներ, որոնցից ութը՝ 11-րդ դասարանում, քսանութը՝ 10-րդ դասարանում: Ըստ տնօրենի՝ առաջնային և կարևոր է դասարանների ձևավորումը: Ըստ այդմ, եթե պետական ավագ դպրոցում դասարանների աշակերտների թիվը միջինում 30 է, ապա ՍԹԵՄ-ում նախատեսվում է 15 հոգուց ոչ ավելի, որպեսզի հնարավոր լինի անհատական ծրագրով արդյունավետորեն անցկացնելու դասապրոցեսը, այսինքն՝ յուրաքանչյուր սովորողի անհատական կրթություն է տրվում, և ոչ մի աշակերտ ուշադրությունից դուրս չի մնում:
Նա նշեց նաև կարևոր մի հանգամանք. կրթական ծրագրերի կեսից ավելին չյուրացրած աշակերտը չի կարող փոխադրվել հաջորդ դասարան. 10 միավորանոց գնահատման համակարգում աշակերտը պետք է քննությունից ստանա 5 և ավելի միավոր, իսկ սահմանված նվազագույն շեմը չհաղթահարելու դեպքում նա ՍԹԵՄ դպրոցում անելիք չունի:
«Կրթության որակին մենք մեծ ուշադրություն ենք դարձնում, որ կարողանանք իսկապես ունենալ նոր ժամանակի հետաքրքիր, հայրենասիրության ոգով դաստիարակված և կրթության հարգն իմացող ու կողմնորոշված դիմորդ համալսարանի համար» – եզրափակեց Արամ Խաչատրյանը: