ԵՊՀ-ում տեղի ունեցավ համալսարանի շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը, որը մասնագիտական կյանք թևակոխելու և համալսարանի հետ առավել սերտ համագործակցելու նոր մեկնարկ է:

Այս տարվա ԵՊՀ շրջանավարտների ավարտական միջոցառումը նշանավորվեց նրանով, որ ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը դեպի բուհ ուղի հարթեց իր առաջին շրջանավարտների համար ևս:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, «Ինեկոբանկ»-ի ծրագրերի իրականացման տնօրեն Արման Պողոսյանը և ՍԹԵՄ ավագ դպրոցի տնօրեն Արամ Խաչատրյանը ՍԹԵՄ ավագ դպրոցի յոթ շրջանավարտներին հանձնեցին ավարտական վկայականներ ու նվերներ:
Ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, առանձնահատուկ ջերմությամբ ողջունելով ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի առաջին շրջանավարտներին, ընդգծեց, որ նրանք կերտում են նոր պատմություն՝ միավորելով դպրոցական կրթության լավագույն ավանդույթները համալսարանական արժեքների հետ. «Դուք առաջինն եք, բայց վստահ եմ՝ ձեր օրինակը կդառնա ուղենիշ շատերի համար։ Տարիներ անց հիշելով այս օրը՝ դուք հպարտությամբ կարող եք ասել. «Մենք էինք այն սերունդը, որ սկսեց ՍԹԵՄ ավագ դպրոցի ճանապարհը»»։