ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը հիմնադրել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամը՝ Հայաստանում մրցունակ կրթությունը խթանելու նպատակով: ԵՊՀ ավելի քան մեկդարյա կրթական ավանդույթը զուգահեռելով ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաներին՝ ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը նպատակ ունի ստեղծելու 21-րդ դարի հրամայականներին համահունչ կրթական միջավայր:
Ավագ դպրոցում դասավանդումը կազմակերպվում է «ԵՊՀ դպրոցների ցանց» հեղինակային կրթական ծրագրով, որը մշակել է ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը։ Ուսուցման հիմնական լեզուն հայերենն է։ Միևնույն ժամանակ՝ բոլոր աշակերտներից ակնկալվում է անգլերենի և այլ օտար լեզուների իմացություն։
Դպրոցի ՍԹԵՄ (բնագիտամաթեմատիկական) ուղղությամբ դասարաններում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Հասարակագիտություն», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն», «Արվեստ», «ՆԶՊ» և «Ֆիզկուլտուրա», «Ռուսաց լեզու» (կամ այլ օտար լեզու) առարկաները դասավանդվում են հանրակրթության պետական առարկայական ծրագրերով, իսկ «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Անգլերեն» առարկաները դասավանդվում են «ԵՊՀ դպրոցների ցանց» կրթական ծրագրում ներառված առարկայական հեղինակային ծրագրերով։
Դպրոցի հասարակագիտական (հումանիտար) ուղղությամբ դասարաններում «Հայոց լեզու», «Անգլերեն» առարկաները դասավանդվում են «ԵՊՀ դպրոցների ցանց» կրթական ծրագրում ներառված առարկայական հեղինակային ծրագրերի համապատասխան, իսկ «Հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն», «Արվեստ», «ՆԶՊ» և «Ֆիզկուլտուրա», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն»), «Ռուսաց լեզու» (կամ այլ օտար լեզու) առարկաները դասավանդվում են հանրակրթության պետական առարկայական ծրագրերով։
Դպրոցում ուսումնական շաբաթը 5-օրյա է, յուրաքանչյուր օր՝ 6-7 ակադեմիական ժամ ծանրաբեռնվածությամբ (ակադեմիական մեկ ժամը սահմանված է 45 րոպե)։
Աշակերտը 10-րդ դասարանում ուսանում է միայն պարտադիր առարկաները (ընդհանուր հանրակրթական), որոնք նպաստում են հիմնարար գիտելիքի ամրապնդմանը և նոր կարողունակությունների ձեռքբերմանը։
10-րդ դասարանի ավարտին աշակերտը, պարտադիր առարկաներին զուգահեռ, ընտրում է նպատակային ծրագրերից առնվազն երկու առարկա` հաջորդող երկու տարիներին ուսանելու և իր ընտրած ուղղվածությամբ բուհի ընդունելությանը նախապատրաստվելու համար։
Դպրոցի աշակերտներին հասանելի են ԵՊՀ ենթակառուցվածքները և նյութատեխնիկական հագեցվածությունը (լաբորատորիաներ, մարզասրահներ, գրադարան)։ Նրանք նաև հնարավորություն ունեն ծանոթանալու և մասնակցելու ԵՊՀ դասախոսների և ուսանողների կատարած հետազոտություններին, ինչպես նաև իրականացնելու տարաբնույթ նախագծեր ու գիտափորձեր համալսարանի գիտնականների վերահսկողությամբ։
Յուրաքանչյուր ուստարվա ավարտին աշակերտը հանձնում է փոխադրման/ավարտական քննություններ. քննության անցկացման ձևը և տեսակը պայմանավորված է առարկայի բնույթով։ Աշակերտը փոխադրվում է հաջորդ դասարան՝ յուրաքանչյուր քննությունից առավելագույն միավորի 50%-ը և ավելին ստանալու դեպքում։
ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը վճարովի է։ Ուսման տարեկան վարձը 800․000 ՀՀ դրամ է։
Դպրոցում գործում են արտաուսումնական խմբակներ՝ օլիմպիական՝ ըստ առարկաների, մշակութային և սպորտային (ըստ սովորողների նախասիրության)։
Բոլոր խմբակներին մասնակցությունն անվճար է։
ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտներն ուսումնառության ավարտին ստանում են հետևյալ փաստաթղթերը՝
1. պետական նմուշի ավարտական վկայական (ատեստատ)՝ նախատեսված պետական իրավական համապատասխան կարգով,
2. «ԵՊՀ դպրոցների ցանց» կրթական ծրագրի ավարտական վկայական (դիպլոմ)։